Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության մեջ ներգրավված կազմակերպությունները խոցելի են ԱՄՆ պատժամիջոցների համար:

«Պետդեպարտամենտը կրկնում է իր նախազգուշացումը, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության մեջ ներգրավված ցանկացած ձեռնարկություն վտանգում է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցներին եւ պետք է անհապաղ դադարեցնի աշխատանքը խողովակաշարի վրա»,- ասել է նա:

«Ինչպես պարզ հասկացրել են ԱՄՆ մի քանի վարչակազմեր, այս խողովակաշարը Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագիծն է, որի նպատակն է բաժանել Եվրոպան եւ թուլացնել եվրոպական էներգետիկ անվտանգությունը: Պատժամիջոցների մասին օրինագիծը, որն ընդունվել էր Կոնգրեսի կողմից 2019-ին եւ ընդլայնվել էր 2020-ին, զգալի աջակցություն է ստացել Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնությունից»,- հավելել է նա՝ նշելով, որ վարչակազմը հավատարիմ է օրենսդրության պահպանմանը: