Մարտի 18-ի նախօրեին Իսպանիայում ընդունել են էֆթանազիայի մասին օրենք, հաղորդում է  DW-ը:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 202 պատգամավոր, դեմ՝ 141, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասի խոսքով՝ նախաձեռնության նխատակն այն է, որ մտածված, բոլոր երաշխիքներն ապահովող օրենքի միջոցով օգնեն մարդկանց խուսափել տանջանքներից: Այսօր էֆթանազիան թույլատրված է Նիդերլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում եւ Կանադայում: Հունվարի վերջում էֆթանազիայի մասին օրենքն ընդունվել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից:

Ամռանն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Իսպանիայում դրանից կարող են օգտվել բացարձակապես անբուժելի հիվանդները՝ երկրի քաղաքացիները: Ընդ որում՝ թույլատրվում է ինչպես անուղղակի օգնություն ինքնասպանության հարցում, այնպես էլ բուժանձնակազմի կողմից նպատակաուղղված գործողություններ, որոնք հանգեցնում են պացիենտի կյանքի դադարեցմանը:

Օրենքը նախատեսում է, որ անբուժելի հիվանդը պետք է ընդհանուր առմամբ չորս անգամ արտահայտի կյանքին վերջ տալու կամքը երկարաժամկետ ընթացքում, որը կազմված է մի քանի փուլից բժիշկների, փաստաբանների եւ հանձնաժողովների ներգրավվմամբ:

Ընդ որում՝ բժիշկներին եւ հիվանդներին խնամող անձնակազմին թույլատրվում է հրաժարվել էֆթանազիայի հարցում օգնություն ցուցաբերելուց, եթե դա չի համընկնում նրանց համոզմունքների հետ: