Ավելի լավ է՝ Էներգետիկ հարցերում Հայաստանը չապավինի Բաքվին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

«Դրա համար կա Իրանը: Պետք է քննարկել Իրանի հետ փոխգործակցության հնարավորությունները»,-նշեց նա:

Փորձագետը խորհուրդ տվեց չապավինել ադրբեջանական կողմին, քանի որ ցանկացած պահի դա կարող է շանտաժի առարկա դառնալ:

Հիշեցնենք` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն մարտի 17-ին հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով: Ըստ այդ հաղորդագրության` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությանը, ռուսական գազը երեկվանից Հայաստան է հասնում Ադրբեջանի տարածքով, այդ երթուղին կգործի մարտի 18-ից մինչեւ ապրիլի 15-ը: