ԱՀԿ-ում կարծում են, որ դեռեւս վաղ է խոսել միջազգային ճանապարհորդությունների վերսկսման մասին: Սա պայմանավորված է աշխարհում COVID-19-ով վարակվելու նոր դեպքերի թվի աճով, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Այս պահին դժվար է նման կանխատեսումներ կատարել: Վերջին օրերը ցույց են տալիս ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, նոր դեպքերի թվի աճի միտում: Վիրուսի փոխանցման մակարդակը բարձր է, ուստի դեռ վաղ է խոսել միջազգային ճանապարհորդությունների վերսկսման մասին: Ներկայումս աշխարհի շատ երկրներում նաեւ պատվաստանյութերի պակաս կա, եւ սրա հետ կապված ճանապարհորդների առաջնային պատվաստումը կարող է հանգեցնել պատվաստանյութերի անբավարար մատակարարման բնակչության առաջնահերթ խմբերի համար, որոնք գտնվում են COVID-19 ծանր հիվանդության բարձր ռիսկի խմբում»,- ասել է նա:

Վույնովիչը եվրոպական երկրներին կոչ է արել վերադառնալ ավելի խիստ սահմանափակումներին:

«Անցյալ շաբաթ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում գրանցվել է COVID-19-ի 1 362 426 դեպք: Անհրաժեշտ է կրկին վերադառնալ հիմքին: Երկրներում նոր դեպքերի աճի պատճառներից որոշները կապված են հանրային առողջապահության միջոցառումների մեղմացման, վիրուսի տարբերակների շարունակվող տարածման հետ, ինչպես նաեւ այն բանի հետ, որ մարդիկ մարդիկ թուլացրել են սեփական պաշտպանությունը»,- ասել է Վույնովիչը:

ԱՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է կորոնավիրուսի տարածման ռիսկերի նվազեցման միջոցառումների պահպանման կարեւորությունը. «Անհրաժեշտ է խուսափել մարդկանց կուտակումներից, հեռավորություն պահպանել, հետեւել ձեռքերի հիգիենային, դիմակ կրել, փակ տարածքներն օդափոխել»,- հավելել է Վույնովիչը: