Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը այսօր հայտարարել է, որ իր ընկերությունը կփակվեր, եթե իր մեքենաներն օգտագործվեին լրտեսության համար: Սա նրա առաջին մեկնաբանությունն է այն լուրերին, որ չինացի զինվորականներն արգելել են իրենց օբյեկտներում Tesla-ի էլեկտրամոբիլների առկայությունը, փոխանցում է Reuters-ը:
«Մեզ համար ցանկացած տեղեկության հետ կապված շատ գաղտնի լինելու անչափ ուժեղ խթան կա: Եթե Tesla-ն Չինաստանում կամ որեւէ այլ վայրում ավտոմեքենաներն օգտագործեր լրտեսության համար, մեզ կփակեին»,- ասել է Մասկը չինական ֆորումում վիտուալ բանավեճի ժամանակ:
Ավելի վաղ աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել էին, որ չինացի զինվորականներն արգելել են իրենց օբյեկտներ Tesla-ի ավտոմեքենաների մուտքը՝ վկայակոչելով փոխադրամիջոցների վրա տեղակադրված խցիկների պատճառով մտավախությունները:
Այս տեղեկությունը պարզվել էր, երբ չինացի եւ ամերիկացի առաջատար դիվանագետներն Ալյասկայում հանդիպում էին անցկացրել:
Մասկը աշխարհի երկու ամենախոշոր տնտեսությունների միջեւ փոխադարձ վստահության ամրապնդման կոչ է արել:
Նա բանավեճ է անցկացրել չինացի քվանտային ֆիզիկոս Սյուե Ցիկունեմի հետ, որը ղեկավարում է Գիտության եւ տեխնիկայի հարավային համալսարանը:
Աշխարհում ամենախոշոր ավտոմոբիլային շուկան համարվող Չինաստանում անցյալ տարի Tesla ընկերությունը վաճառել է 147 445 ավտոմեքենա, ինչը կազմում է աշխարհում նրա վաճառքի ընդհանուր քանակության 30 տոկոսը: Այդուհանդերձ, այս տարի ընկերությունը բախվել է ավելի կոշտ մրցակցության ներքին մրցակիցների կողմից՝ Nio Inc-ից մինչեւ Geely:





























