Ուգանդայի ամենահայտնի պարկերից մեկում ենթադրյալ թունավորումից հետո վեց առյուծներին գտել են մեռած ու անդամահատված, հաղորդում է BBC-ն:

Առյուծները հայտնաբերվել են Եղիսաբեթ թագուհու ազգային պարկում՝ գլուխներն ու թաթերը կտրած, իսկ մարմինները՝ գիշանգղերով շրջապատված:

Ուգանդայի վայրի բնության վարչությունը հայտարարել է, որ «չի կարող բացառել վայրի կենդանիների ապօրինի առեւտուրը»:

Այժմ հետաքննություն է սկսվել, եւ պահպանության ոլորտի մասնագետները դեպքի վայրում աշխատում են տեղի ոստիկանության հետ:

Մասնավորապես այս առյուծները հայտնի են ծառեր բարձրանալու իրենց յուրահատուկ ունակությամբ...

Իր հայտարարության մեջ Ուգանդայի վայրի բնության վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաշիր Հանգին ասել է, որ իրենք «վշտացած են» սպանությունների համար:

Նա հավելել է, որ բնության զբոսաշրջությունը Ուգանդայի տնտեսության կարեւոր մասն է, որը կազմում է նրա ՀՆԱ-ի մոտ 10%-ը, եւ կենսական կարեւոր դեր ունի կենդանիների պահպանման գործում:

Նախկինում մի շարք դեպքեր են եղել, երբ համարվել է, որ Եղիսաբեթ թագուհու ազգային պարկում առյուծներին թունավորել են:

2018-ի ապրիլին 11 առյուծներ, այդ թվում՝ ութ ձագեր, հայտնաբերվել էին մահացած՝ ենթադրյալ թունավորումից հետո: Նման միջադեպ, որի հետեւանքով 5 առյուծ է սպանվել, տեղի է ունեցել 2010-ի մայիսին: