ԵՄ-ն կվերսկսի բանակցություններն AstraZeneca-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիա մատակարարման շուրջ եւ կարող է մերժել այդպիսի հայտերը, քանի դեռ դեղագործական ընկերությունը չի կատարել մատակարարման մասով իր պարտավորությունները Միության առջեւ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպական բարձրաստիճան անանուն քաղաքական գործչին:

Նա նշել է, որ ԵՄ-ն AstraZeneca-ի հետ իր սեփական պայմանագրերն ունի, որոնց պայմաններն չի կատարում, եւ Եվրամիության տարածքում արտադրված բոլոր պատվաստանյութերը կամ առանձին բաղադրիչները կպահվեն տեղական մատակարարումների համար, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ըստ գործակալության աղբյուրի՝ Նիդեռլանդներում ընկերության արտադրության դեղորայքի՝ Մեծ Բրիտանիա արտահանման վերաբերյալ չկատարված հայտեր չկան, սակայն եթե դրանք ստացվեն, ապա, ամենայն հավանականությամբ, կմերժվեն:

Guardian-ը, վկայակոչելով Airfinity-ի  հետազոտությունը, գրում է, որ մատակարարման արգելքը կարող է երկու ամսով դանդաղեցնել Բրիտանիայում պատվաստումների արշավը եւ ստիպել իշխանություններին երկարաձգել սահմանափակումները:

Անցյալ շաբաթվա վերջին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սպառնացել էր արգելել AstraZeneca-ի պատվաստանյութի պլանավորված արտահանումը: «Սա AstraZeneca-ի ուղերձն է. դուք նախ կատարում եք ձեր պայմանագիրը Եվրոպայի հետ, նախքան այլ երկրներ մատակարարումը սկսելը»,- ասել է նա: Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ ԵՄ մատակարարվել է համաձայնեցված քանակի միայն 30 տոկոսը:

Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ «հոգնել են քավության նոխազներ» լինելուց կորոնավիրուսի դեմ պատվաստումների դանդաղ տեմպերի պատճառով: Ֆոն դեր Լյայենը նշել է, որ  պատվաստանյութերի մատակարարումը կազմակերպելու համար պատասխանատվությունն AstraZeneca-ի վրա է եւ քննադատել է ընկերությանը պատվաստանյութի դեղաչափերը չպահելու համար: