Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին չի ընդունել նախագահ Միշել Աունի կողմից առաջարկված կառավարության ցուցակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լիբանանի առաջնորդը դեռեւս հավատարիմ է երրորդ մասի արգելափակման սկզբունքին»,- երկուշաբթի ելույթի ժամանակ հայտարարել է Հարիրին:
Վարչապետը երկուշաբթի ժամանել է Բաաբդայի նախագահական պալատ՝ հերթական հանդիպման համար:
«Վերջին հանդիպմանը (ուրբաթ օրը) մենք պայմանավորվել էինք այսօր շարունակել զրույցը: Բայց, ցավոք, նա (Աունը) երեկ ինձ ուղարկել է ցուցակ, որը կրկին ներառում է իր թիմի արգելափակող երրորդ մասը, եւ խնդրել է, որ լրացնեմ»,- ասել է Հարիրին:
«Արգելափակող երրորդ մասը» կառավարությունում այն ձայների քանակն է, որն ի վիճակի է արգելափակել օրենքի ընդունումը:
Վարչապետի խոսքով՝ ինքը նախագահին տեղեկացրել է, որ «կձեւացնի, թե իր կողմից ուղարկված նամակ չի եղել, եւ ցուցակի պատճենը պատմության համար կպահի»:
«Ես իմ կազմը ավելի քան հարյուր օր առաջ եմ փոխանցել նրան, եւ պատրաստ եմ փոփոխությունների, եւ հեշտացրել եմ նրա գործը, որը վերաբերում էր ՆԳՆ-ին, բայց (նա) պնդում է արգելափակող երրորդի համար»,- հավելել է Հարիրին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանն առաջարկել էր Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթաժողովում քննարկել Լիբանանում տիրող իրավիճակը եւ այս երկրի իշխանությունների վրա ճնշման հնարավոր լծակները՝ նոր կառավարություն ստեղծելու եւ բարեփոխումներ իրականացնելու համար:
Երեքշաբթի, մարտի 16-ին, Աունը հայտարարել էր, որ Հարիրին ստիպված կլինի հեռանալ, եթե չկարողանա ստեղծել եւ ղեկավարել ազգային փրկության կառավարություն: Լիբանանի նախագահը վարչապետին կոչ էր արել գալ Բաաբդայում գտնվող նախագահական պալատ, որպեսզի «անմիջապես, իր հետ համաձայնության գալով, կառավարություն կազմի... առանց արդարացումների կամ ձգձգումների»: Հարիրին, ի պատասխան Աունի կոչի, առաջարկել էր անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, եթե նախագահը կառավարության ձեւավորման մասին հրամանագիր չստորագրի: Հերթական հանդիպումը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը՝ Բաաբդայի պալատում:
Լիբանանի սահմանադրության համաձայն, կառավարությունը չի կարող ձեւավորվել առանց հանրապետության նախագահի ստորագրության, միեւնույն ժամանակ, սահմանադրության մեջ չկա որեւէ կետ, որը կարող է ստիպել վարչապետ Հարիրին հրաժարական տալ:
Հոկտեմբերի վերջին վարչապետի պաշտոնը կրկին ստացավ Հարիրին, որը հայտարարեց արագ նախարարների կաբինետ ստեղծելու իր պատրաստակամության մասին, որպեսզի օգտվեր ֆրանսիական նախաձեռնությունից եւ աջակցություն ստանար: Փաստորեն, Հարիրին մինչ այժմ չի կարողացել գտնել փոխզիջումային կազմ, որը կբավարարեր բոլոր կողմերին:





























