ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանը նիստը սկսեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի՝ փետրվարի 23-ի նիստին բացակայության պատճառների քննումից:
Փաստաբանը հայտարարեց, որ կասկածում է պատճառները ներկայացնելու նպատակահարմարությանը, քանի որ վստահ չէ, որ դատարանը իրեն կլսի: Դատավոր Աննա Դանիբեկյանը հավաստիացրեց, որ ինքը ուշադիր լսում է:
Փաստաբանի խոսքով՝ բոլորը գիտեն եւ բոլորը հիշում են, որ փետրվարի 16-ին նա խնդրեց դատարանին չնշանակել նիստը փետրվարի 23-ին՝ վերաքննիչ դատարանում կայանալիք մեկ այլ նիստի կապակցությամբ: Դատավորը չլսեց: Նիստը, ի դեպ, վերաբերում էր անձամբ Աննա Դանիբեկյանին՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների (ամբաստանյալի՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կնոջ) հրապարակման գործով: Փաստաբանը շեշտեց, որ Վերաքննիչ դատարանում նիստը հետաձգելու հնարավորություն չուներ: «Հաճախ պատահում է, երբ դատավորն ընդառաջում է: Ինչո՞ւ է այս դատավարությունը բացառություն: Դուք ոչ միայն չհամաձայնեցիք հետաձգել նիստը, այլեւ հայտարարեցիք, որ իմ բացակայությունն անհարգալից վերաբերմունք կհամարվի»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ կարեւորում է Վերաքննիչ դատարանի նիստը: Նա նշեց, որ հարցը կարող էր հենց դատավորի բացարկի հանգեցնել վերաքննիչ դատարանի նիստի արդյունքների հիման վրա: «Իմ բացակայությունն ինքնանպատակ չէր: Դուք տեղեկություններ ունեիք, որ պատճառը հարգալից էր»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Վերաքննիչ դատարանում նիստը տեղի չի ունեցել, իսկ տվյալ գործով, ի տարբերություն մնացած բոլոր նիստերի, այն սկսվել էր ուղիղ ժամը մեկին, նրա մոտ հարցեր են առաջացնում: «Ի՞նչ նորագույն օպերատիվ-որոնողական միջոցառումներ եք Դուք իրականացնում իմ գտնվելու վայրը պարզելու համար: Ինչո՞վ են պայմանավորված դատարանի նման գործողություները»,- հարցրեց փաստաբանը: Դատավորը հիշեցրեց, որ այդ դատարանն է պարզաբանում պահանջում, այլ ոչ թե հակառակը: Փաստաբանը պարզաբանեց, որ հռետորական հարցեր է հնչեցնում:
Ալեքսանյանի խոսքով՝ բացի Վերաքննիչ դատարանում նիստից, նա այլ հանդիպումներ էլ ուներ դատարաններում: Հաշվի առնելով, որ նա արդեն նախազգուշացրել էր դատարանին իր բացակայության մասին, օրը պլանավորել էր համապատասխանաբար կերպով, Ալեքսանյանը հայտնել էր: Ապա նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ է դատարանը մեղադրող կողմին թույլ տալիս իր հասցեին գնահատականներ հնչեցնել իր բացակայության ժամանակ: Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Բաղդասարյանն իրեն թույլ տվեց Ալեքսանյանի պահվածքը «չարամիտ» անվանել:
Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանը հրաժարվել է լրացուցիչ նիստ անցկացնել Արմեն Գեւորգյանին արտասահման մեկնելու թույլտվության միջնորդությունը քննելու համար: «Ինչո՞ւ ենք այս հարցում նույնպես բացառություն ներկայացնում: Ես համարում եմ, որ իմ բացակայությունը հարգալից էր: Եվ այսուհետ խնդրում եմ բացառել գնահատականները, որոնք դուրս են դատավարության շրջանակներից»,- ասաց փաստաբանը՝ առաջարկելով դատարանին պարզել, թե ով է չարամիտ՝ իրենք թե նրանք, ով երեք տարի շարունակ ոտնահարում է Արմեն Գեւորգյանի իրավունքները:
Էրիկ Ալեքսանյանին լսելուց հետո դատավորը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի առաջ որոշվել էր նիստեր անցկացնել երեքշաբթի օրերին: Դատավորը համարեց, որ փաստաբանը սխալ տեղեկություն է տրամադրել նիստի օրվա մասին: Սխալ տվյալների տրամադրումը վկայում է Ալեքսանյանի եւ նրա բացակայության չարամտության մասին՝ նույնիսկ նիստի հետաձգումից հետո: Դատարանը որոշեց պատժամիջոց կիրառել նախազգուշացման տեսքով, ինչի մասին կտեղեկացվի Փաստաբանների պալատի նախագահին: Միեւնույն ժամանակ, դատավորը նշեց, որ դատարանն իրավունք ունի պարզելու դատական գործընթացի մասնակիցների գտնվելու վայրը: Ի պատասխան Էրիկ Ալեքսանյանը խնդրեց նշել այն նորմը, որը թույլ է տալիս դատավորին նման գնահատական տալ իր վարքին: Դատարանը հրաժարվեց այլ պարզաբանումներ ներկայացնել: Ինչին ի պատասխան փաստաբանը կասկածի տակ դրեց դատավորի մասնագիտական կարողությունները:
Արմեն Գեւորգյանը փորձեց հայտարարություն անել: Դատավորն արգելեց, դատավորը Գեւորգյանի փորձին ի պատասխան նախազգուշացրեց պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Էրիկ Ալեքսանյանը չզլացավ հայտարարել, որ դատավորը սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում: «Դուք անօրինական դատարան եք»,- հայտարարեց փաստաբանը:





























