Պատերազմական եւ հետպատերազմական իրողություններից մեր թշվառ ժողովրդի արթնացումը, խորը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելը օրվա հրամայական են դարձրել: Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի խորհրդարանական ժամին հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ այսօր, առավել քան երբեւէ, վերջին տարիներին հանրապետությունում ստեղծված իրավիճակի լիակատար հաղթահարում անհնար է առանց Ղարաբաղի եւ երկրում գործող բոլոր ուժերի միավորման: «Այս իմաստով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամենամեծ եւ ամենածանր փորձությունն է մեր պետականության համար: Մեր երկրում եւ Ղարաբաղում իրողությունների շուրջ մտորումները բերում են հետեւյալին՝ Ղարաբաղի երրորդ հանրապետության անկախացումը եւ, մասնավորապես, Ղարաբաղի համար հերոսամարտը, դարձել են ոչ միայն հայ ժողովրդի նորագույն պատմության ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական հետագիծ, այլ նաեւ նոր անկախ հայկական պետություն կառուցելու գաղափարական դարբնոց»,- ասաց քաղաքական գործիչը: Գեւորգյանը նշեց, որ Ղարաբաղն ու Սյունիքը հայկական պետականության հիմնասյուներն են:
Հետեւաբար, ինչպես հայկական պետականության ամրապնդումը, այնպես էլ ապագան ուղղակիորեն փոխկապակցված են եւ Ղարաբաղի, եւ Սյունիքի հետ: Նրա կարծիքով, Ղարաբաղի անվտանգության հարցը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսի մի մասը միջազգային բոլոր հարթակներում: «Դա կապված է ինչպես Սյունիքի անվտանգության, այնպես էլ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ վերադարձի հետ: Մենք պետք է անընդհատ խոսենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի զգալի հատվածի օկուպացիայի, Հայաստանի հետ կապված դեռ հնչող ռազմաշունչ հայտարարությունների, ինչպես նաեւ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության մասին»,- ասաց քաղաքական գործիչը:





























