Այս օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանափակ հնարավորություններով անձանց համար հասանելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ստեծումը: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս նախարարը, մասնավորապես, նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նոր օրենքը որոշելու է նշված անձանց ապահովելու, խրախուսելու, նրանց իրավունքները պաշտպանելու պետական քաղաքականության հիմնական նպատակը եւ կարգավորելու է դրանց պահպանման սկզբունքները:
«Օրենքի նպատակն է սահմանափակ հնարավորություններով անձանց համար հավասար հնարավորությունների, հասանելի պայմանների ստեղծումը, խտրական դրսեւորումների վերացումը»,- պարզաբանեց Առաքելյանը:
Միաժամանակ նա նշեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամության սահմանումը պայմանավորված է մարդու առողջության վիճակով: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է կարգավորում, որը թույլ է տալիս ամրագրել անհատական սահմանափակումները եւ օգնության կարիքը`հիմնվելով այդ կարիքի գնահատման վրա:
Նախարարը նաեւ շեշտեց, որ օրենքի համաձայն, պետությունը հասանելիություն է պահանջում մասնավոր հատվածից եւ պետական հաստատություններից, հատկապես շինարարության ոլորտում:
«Մենք պետք է կենտրոնանանք սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքների վրա եւ դրա հիման վրա նրանց պետական օգնություն ցուցաբերենք: Գործող նորմերի համաձայն` հաշմանդամության երեք խումբ կա` առաջին, երկրորդ, երրորդ եւ սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Փոխարենը կլինեն սահմանափակ գործունակության աստիճաններ՝ թեթեւ, միջին, ծանր եւ խորը»,- պարզաբանեց նախարարը:
Այլ կերպ ասած՝ այս 4 կարգավիճակները որոշվելու են անհատական գնահատման հիման վրա, որը կփոխարինի առկա հաշմանդամության խմբերին: Անձի գործառնական հնարավորությունների գնահատման հիման վրա օգնությունը կտրամադրվի անհատական ծրագրերի միջոցով, որոնք թույլ կտան մարդուն առավելագույնս հաղթահարել այդ սահմանափակումները եւ ինտեգրվել հանրային կյանքին:





























