ԱՄՆ-ը ոչ մեկին չի ստիպի ընտրություն կատարել Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը

«Միացյալ նահանգները չի հարկադրի դաշնակիցներին «մենք կամ նրանք» ընտրություն կատարել: Երկրները կարող են աշխատել Չինաստանի հետ, որտեղ դա հնարավոր է»,- նշել է նա՝ հավելելով, որ կլիմայի փոփոխությունն այն ոլորտն է, որտեղ համագործակցության անհրաժեշտություն կա:

Միեւնույն ժամանակ, նա մեղադրել է Պեկինին միջազգային առեւտրային կարգը տապալելու մեջ: «Նրանք ակտիվորեն աշխատում են խարխլել միջազգային համակարգի կանոնները եւ այն արժեքները, որ կիսում ենք մենք ու մերոնք... Եթե մենք միասին աշխատենք, որպեսզի կյանքի կոչենք միջազգային կարգի վերաբերյալ մեր դրական տեսլականը... մենք վստահ ենք, որ կարող ենք գերազանցել Չինաստանին ցանկացած խաղադաշտում»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է գործընկերների հետ աշխատել այն ուղղությամբ, թե ինչպես առաջ տանել մեր ընդհանուր տնտեսական շահերը եւ հակազդել Չինաստանի որոշ ագրեսիվ եւ հարկադրական գործողություններին ու ձախողումներին, գոնե նախկինում՝ նրա միջազգային պարտավորությունները կատարելու հարցում: «Երբ մենք միասին ենք գործում, մենք շատ ավելի ուժեղ եւ արդյունավետ ենք, քան եթե մեզնից յուրաքանչյուրը դա աներ միայնակ»,- ասել է Բլինքենը: Նա նշել է, որ միայն ԱՄՆ-ին է բաժին ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը, իսկ մինչեւ 60%-ը` Եվրոպայում եւ Ասիայում իր դաշնակիցների հետ միասին: «Պեկինի համար շատ ավելի դժվար է անտեսել դա»,- ասել է նա: