COVID-19 կորոնավիրուսային վարակի շարունակական համավարակի պայմաններեւմ աշխարհին սպառնում են զուգարանի թղթի մատակարարումների ընդհատումներ, հաղորդում է Bloomberg-ը: Այն ժամանակ, երբ աշխարհի մի շարք երկրներում խանութների աշխատանքը կրկին սահմանափակվում է, եւ սպառողները մեծացնում են կենցաղային պաշարները, զուգարանի թղթի արտադրողները կարող են բախվել հումքի պակասի հետ:

Դեֆիցիտի պատճառը, Bloomberg-ի տվյալներով, կարող է լինել ծովով բեռնափոխադրման պահանջարկի ավելացումը եւ դրանք ապահովող նավերի պակասը: Առաջինը տուժել են բեռնարկղերով տեղափոխվող ապրանքներ արտահանողները, բայց հիմա ճգնաժամը սպառնում է փոխանցվել ծովով առաքվող ապրանքներին` այլ տեսակի փաթեթավորմամբ` պարկերով, տակառներով, տուփերով եւ այլն: Փայտանյութի մատակարարման (թղթի արտադրության կիսաֆաբրիկատ) հետ կապված խնդիրների մասին Bloomberg-ին պատմել է բրազիլական Suzano SA ընկերության ղեկավար Վալտեր Շալկան։ Զուգարանի թղթի համար օգտագործվող փայտանյութի տեսակի ընկերության մասնաբաժինը համաշխարհային մատակարարումների երրորդ մասն է կազմում։

Շալկայի խոսքով՝ սպառողների միջեւ մրցակցության ավելացման պատճառով նավերը Suzano-ի տերմինալների մոտ սովորականից ավելի հազվադեպ են սկսել հայտնվել, իսկ հետագայում իրավիճակը կարող է միայն վատթարանալ: Suzano-ի ղեկավարը կարծում է, որ դրա հետեւանքը կարող է լինել զուգարանի թուղթ արտադրողներին հումքի մատակարարման ընդհատումները եւ, որպես արդյունք, դրա արտադրության սահմանափակումը այն ձեռնարկություններում, որոնք հումք չեն պահեստավորել, հայտնում է РБК-ն: