Շվեդիայի Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է հնոտիների միջից գտնված Հովհաննես Այվազովսկիի «Մարտ Բոմարզունդի համար» կտավը։ Նկարի նախկին տերը չէր էլ պատկերացնում՝ որքան արժե տարիներ շարունակ իր տան պատից կախված կտավը։
«Մարտ Բոմարզունդի համար»-ն Այվազովսկին նկարել է 1858 թվականին։
Նկարի իրական արժեքը պարզվել է միայն այն ժամանակ, երբ տարեց շվեդը որոշել է վաճառել անպետք իրերը եւ դրանք տարել «Մետրոպոլ» ոչ մեծ աճուրդի տուն։ Մի շարք իրերի շարքում եղել է նաեւ նրա հանգուցյալ կնոջ նվիրած կտավը։
Նկարը հանվել է վաճառքի՝ մեկնարկային գին սահմանելով 1500 դոլարը։ Սակայն կտավն այնպիսի իրարանցում է առաջացրել, որ «Մետրոպոլի» մասնագետները որոշել են խորհրդակցել ռուս նկարիչների գործերի մեջ մասնագիտացած Ուպսալայի աճուրդի տան հետ։ Փորձագետները հաստատել են կտավի՝ բնօրինակ լինելու փաստը եւ նրա հեղինակին։
Վերջնական արդյունքում նկարը վաճառվել է 1,2 մլն դոլարով։ Ինչպես նշել է Ուպսալայի աճուրդի տան ղեկավար Կնուտ Կնուտսոնը, «Մարտ Բոմարզունդի համար»-ը ձեռք է բերել մի ռուս կոլեկցիոներ։



























