Հայաստանում մեկնարկում է ԵՄ եւ ԵԽ համատեղ ծրագիրը` նվիրված Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ազատության, արհեստավարժության եւ բազմակարծության խթանմանը: Այդ մասին հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի համագործակցության բաժնի աշխատակից Լեյլա Դերվիշագիչը:
Նրա խոսքով, երկու տարին մեկ իրականացվող ծրագրի նպատակն է մոտեցնել լրատվամիջոցների գործունեությունն ու ազատությունը կարգավորող օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, նաեւ նպաստել, որ լրագրողներն ավելի լավ իմանան իրենց իրավունքները, էթիկայի կանոնները, հնարավորություն ունենան իրականացնել իենց գործունեությունը պրոֆեսիոնալ մակարդակով:
Որպես հատուկ նպատակ Դերվիշագիչը նշել է Հայաստանի կառավարությանն իրավական օգնություն հատկացնելը, որպեսզի օրենսդրությունը համապատասխանեցվի եվրաչափորոշիչներին:
Նա դրական է գնահատել օրենսդրական փոփոխությունը, որն ապաքրեականացնում է զրպարտությունը: Սակայն հրաժարվել է մեկնաբանել հանգամանքը, որ դրանից հետո լրատվամիջոցներին դատի են տալիս եւ փոխհատուցում պահանջում, որը լրատվամիջոցներն ի վիճակի չեն վճարել. «Տուգանքները պետք է համապատասխանեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին»:




























