Վրաստանում ազատ լրագրող Թեա Տոպուրիան Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականի (www.iwpr.net) իր հոդվածում անդրադարձել է Վրաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, որը հաճախ հանցանք չի համարվում:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը, կրճատումներով:

Վրացի իրավապաշտպան ակտիվիստների պնդմամբ, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են Վրաստանում, որի համար նրանք մեղադրում են կառավարությանը խնդրի մասշտաբներն ուսումնասիրելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու եւ համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ:

Անցյալ տարի Բռնության դեմ գործող վրաստանյան ցանցի (Anti-Violence Network of Georgia) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայրերի 52 տոկոսը, մայրերի 46 տոկոսը եւ ուսուցիչների 35 տոկոսը պատրաստ է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ: Հետազոտությունը, որին մասնակցել է 1250 մարդ, պարզել է, որ բռնության ենթարկված երեխաների 4 տոկոսը նաեւ դարձել է սեռական բռնության զոհ:

Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Նեստան Լոնդարիձեն պատմում է, որ մի 9-ամյա աղջիկ շարունակաբար ֆիզիկական եւ հոգեբանական բռնության է ենթարկվել իր խորթ մոր կողմից: 

«Հարեւանները ստիպված են եղել մի քանի անգամ ոստիկանություն կանչել, իսկ հետո դիմել են մեզ: Տարբեր վկաներ մեզ պատմել են, որ խորթ մայրը պարբերաբար ծեծում էր աղջկան եւ պատժում ամենադաժան մեթոդներով, օրինակ, ստիպելով նրան սառը ցնցուղ ընդունել կամ քնել դրսում: Նա սպառնում եւ բռնություն էր գործադրում աղջկա նկատմամբ», - ասում է Լոնդարիձեն:

Ընտանեկան բռնության դեմ պայքարող «Sapari» կազմակերպության հոգեբան Նաթո Զազաշվիլին նշում է, որ երեխաների նկատմամբ բռնությունը սովորական երեւույթ է Վրաստանում:

«Խնդրի hիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Որպես կանոն, հայրը բռնություն է գործադրում մոր, իսկ նա, իր հերթին, երեխաների նկատմամբ: Կան դեպքեր, երբ հայրն է բռնություն գործադրում երեխաների նկատմամբ, սակայն սա հազվադեպ է լինում, որովհետեւ տղամարդիկ, սովորաբար, խուսափում են զբաղվել երեխաների խնդիրներով: Մոր ագրեսիան երեխաների նկատմամբ բացատրվում է այն հանգամանքով, որ նա, իր հերթին, ամուսնու գործադրած բռնության զոհն է դառնում եւ ի վիճակի չէ պաշտպանվել», - ասում է նա:

Կառավարության Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն` անցյալ տարի երեխաների նկատմամբ բռնության շուրջ 100 դեպք է արձանագրվել, որոնցից 38-ը սեռական բնույթ են կրել:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշիի վերջին զեկույցի համաձայն` Սոցիալական ծառայությունների գործակալության շրջանային գրասենյակները հաճախ չեն արձանագրում կամ պատշաճ կերպով չեն ուսումնասիրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը: Բացի այդ, գործակալությունը ոչ միշտ է տեղեկացնում ոստիկանությանն արդեն իսկ բացահայտված բռնության դեպքերի մասին: 

Շատերը սեփական երեխաներին ծեծելը բռնություն չեն էլ համարում: