Ընդդիմության հետ հնարավոր երկխոսության մասին Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության մեջ ամեն ինչ շատ հստակ է ասված, այնպես, որ նույնիսկ մեկնաբանությունների կարիք չկա։ Հունիսի 18-ն տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Նրա խոսքով, նախագահի պատասխանը շատ կոնկրետ էր, եւ այն կարելի է դիտարկել որպես երկխոսության շարունակության հիմք։ «Սակայն սա չի նշանակում, որ երկխոսության ընթացքում մենք պետք է առաջնորդվենք Հայ ազգային կոնգրեսի պահանջներով։ Մանավանդ անհասկանալի է եւ անիմաստ երկխոսությունը պատվիրակությունների մակարդակով անցկացնելը»,- հստակեցրեց Համլետ Հարությունյանը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր ՀԱԿ-ի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: Նա մասնավորապես նշել էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»:




























