ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։
«Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,– մանրամասնեց բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7.00–ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը, որի ավարտին մեծ հրավառություն է եղել, ինչը սոցհարթակներում բուռն քննարկումների առիթ էր դարձել։




























