Հայտարարված մոբիլիզացիայի դադարեցման մասին հայտարարությունն անհեթեթ է, եւ այդ մասին հայտարարած գեներալ-գնդապետի (Մովսես Հակոբյանի-խմբ.) մոտ մեծ խնդիր կա: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ համաձայն Մովսես Հակոբյանի հայտարարության՝ մոբիլիզացիան Փաշինյանի կարգադրությամբ դադարեցվել է պատերազմի երրորդ օրը: «Ձեր ելույթում դուք անդրադարձաք միայն մինչպատերազմյան գործընթացներին, սակայն անհրաժեշտ է խոսել մարտական գործողությունների ժամանակ բացթողումների մասին»,-Թովմասյանը:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ գեներալ Հակոբյանը ցանկանում էր հանձնել 7 շրջանը, սակայն նա դա թույլ չի տվել: Ավելին, վարչապետի խոսքով, նիստերի դահլիճում գտնվող շատ մարդիկ դրա վկան են:

Անդրադառնալով զինծառայողների աշխատավարձի մասին հարցին՝ պատգամավորը նկատեց, որ այդ մասով զինվորականների մոտ դժգոհություն է առաջացել: Այսպես, ոստիկանության լեյտենանտը, ով աշխատում է քաղաքային պայմաններում, ավելի շատ է ստանում, քան առաջնագծում կանգնած լեյտենանտը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, թե ինչ հետեւանքների կհանգեցնի այդ անարդարությունը: