Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարեւորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի եւ անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Երկուստեք կարեւորվեց հակամարտության գոտում կրոնական եւ մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:
Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաեւ հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ եւ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանն ուղղված միջազգային ջանքերին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի եւ դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվեց սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարեւորությունը:





























