Թեթեւ արդյունաբերությունը միշտ էլ համարվել է Հայաստանի ամենահեռանկարային ճյուղերից մեկը: Հիմա այն ծանր ժամանակներ է ապրում, սակայն որոշ արտադրություններ պահպանել են իրենց կենսունակությունը եւ այսօր ծրագրեր են կազմում թուրքական ու չինական արտադրանքին դուրս մղելու ուղղությամբ: Դրանցից մեկն էլ «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան է, ուր էկոնոմիկայի նախարարությունը լրագրողների համար այցելություն էր կազմակերպել: Նշենք, որ ընկերությունը հիմնականում աշխատում է Թուրքիայից ներկրված կտորեղենով, թեեւ մյուս գործառույթները, սկսած մոդելավորումից, ամբողջությամբ կատարվում են տեղում:
Ընկերության 3 արտադրամասերում 100-ից ավելի կանայք են աշխատում, հիմնականում` 30-նն անց: Նրանցից մի քանիսը ներկայացան որպես աշակերտ` հավանաբար այն պատճառով, որ վերջերս են աշխատանքի ընդունվել: Թե որքան են վաստակում` իրենք էլ դեռ չգիտեին:
Իսկ ահա ստաժավոր դերձակուհիները թաքցնելու բան չունեին` թեեւ աշխատավարձը գործարքային է, ամսական վաստակը 50-60 հազ. դրամ է (1 շորից 50 դրամ հաշվարկով):
Նշենք, որ այդ աշխատանքն այնքան էլ հեշտերից չէ, աշխատանքային գրաֆիկը բավական խիստ է եւ կազմում է օրական 8 ժամ:
Արտադրամասն, ընդհանուր առմամբ, բարեկարգ է, թեեւ առանց օդափոխիչների, որոնց այնպես սովոր են գրասենյակային աշխատողները:
Դրանց փոխարեն մի քանի էլեկտրական հովհար է միացած:
Ըստ պաշտոնական վիճակագրության` մշակող արդյունաբերությունում միջին աշխատավարձը գերազանցում է ամսական 110 հազ. դրամը:
Թե ինչպես է պատահել, որ աշխատավարձերի աճը շրջանցել է թեթեւ արդյունաբերությանը` դժվար է ասել: Հավանաբար` պատճառներից մեկն էլ այն է, որ շուկան հեղեղված է էժանագին արտասահմանյան տրիկոտաժով, ուստի գինը ցանկանում են պահել աշխատավարձի հաշվին:
Սակայն խոստովանենք` ամսական 50 հազ. դրամը այդ բավականաչափ աշխատատար գործընթացի համար, հաշվի առնելով ներկայիս գները, իսկապես էլ համաչափ չէ:
Ֆաբրիկայի տնօրեն Սուրեն Բեկիրսկիից հետաքրքրվեցինք, թե ինչու են աշխատավարձերը ցածր: Նա սկզբից ասաց, որ աշխատավարձի չափը գաղտնիք է, բայց հետո տեսնելով, որ բանվորուհիներից այնուամենայնիվ տեղեկացել ենք այդ մասին, հայտնեց իր տեսակետը: Ասաց, որ կոոպերատիվ արտադրամասերում իսկապես կարող բանվորուհիները կարողանում են 2 անգամ ավելի վաստակել, սակայն իրենց ֆաբրիկան ունի մի շարք առավելություններ: Դրանք են`պահպանվում է աշխատանքային գրաֆիկը, բանվորուհիները ստանում են վճարովի արձակուրդ, արտադրամասում առկա է բուժսպասարկման կետ եւ այլն: Այդ պատճառով բանվորուհիներից շատերը, քաջատեղյակ լինելով այլ արտադրամասերում (կոոպերատիվներում) տիրող աշխատանքային պայմանների մասին, նախընտրում են ցածր աշխատավարձը` աշխատանքային իրավունքների պահպանման պայմանով:
Անկեղծ ասած` բանվորուհիների հետ զրույցից մենք առանձնապես դժգոհություն կամ պահանջներ չլսեցինք էլ: Հավանաբար զգուշանում էին, կամ էլ` հույս ունեին, որ հետագայում աշխատավարձերը կբարձրացնեն:
Սամվել Ավագյան




























