Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը «եւ-եւ» բանաձեւով, որը պահպանվում էր ընդհուպ մինչեւ 2018 թվականի իրադարձությունները, փորձում էր հավասարակշռություն ապահովել Հայաստանի ինքնիշխանության ապահովման տեսանկյունից: Սակայն 2018 թվականին Հայաստանը, ինչպես ժամանակին ԱՊՀ եւ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, աշխարհաքաղաքական հսկայական բեկման մեջ հայտնվեց, արեւմտյան տեխնոլոգիաները հասան իրենց նպատակին: Այս մասին «Անկախություն եւ ինքնիշխանություն. Սպառնալիքները եւ մարտահրավերները ժամանակակից Հայաստանի համար» համաժողովի ժամանակ ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեզ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը:
«Հայաստանում իշխանության եկան արեւմտամետ խամաճիկային շրջանակներ, որոնք կողմ էին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալուն, Հայաստանի համար «այլընտրանքային» անվտանգության համակարգի ստեղծմանը, կրթական համակարգից ազգային արժեքների բացառմանը՝ դրանք ծայրահեղ ազատականներով փոխարինելու համար: Ամբիոնները զբաղեցրին տրանսգենդերները, ֆեմինիստները հորդորում էին կանանց չծնել, Հայ Առաքելական եկեղեցու փոխարեն նախապատվություն տրվեց աղանդավորներին, որոնք կարգավորվում եւ վճարվում են Արեւմուտքից: Նրանք փորձում են մեր մշակույթը վերածել գռեհիկ եւ պարզունակ մի բանի: Այս ամենը պետական եւ հատկապես ազգային ինքնիշխանության անկման հանգեցրեց»,- ասաց նա:
Ըստ Բաբուխանյանի՝Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին պատերազմը ոչ միայն բացահայտեց հայ ժողովրդի անվտանգության համակարգի ողջ խոցելիությունը, այլեւ արմատապես փոխեց իրավիճակը երկրում եւ տարածաշրջանում. «Ակնհայտ դարձավ, որ Հայաստանը կորցրել է պետական ինքնիշխանության հիմնական բաղադրիչը՝ իր տարածքային ամբողջականությունն ապահովելու ունակությունը: Արցախի հնամենի հողերի մի մասը օկուպացված է, Արցախի հետ կապն իրականացվում է նեղ միջանցքով, հին պաշտպանական գիծը չկա, որը հագեցվում էր 30 տարի, նոր սահմանների կտրտվածությունը մեծ դժվարություններ է ստեղծում նոր պաշտպանական գծի կառուցման համար: Հայոց բանակը մեծ կորուստներ ունեցավ աշխատուժի եւ սարքավորումների մասով, որոնք լրացնելու համար տարիներ և հսկայական նյութական և մարդկային ռեսուրսներ կպահանջվեն, ինչը համավարակից եւ պատերազմից թուլացած Հայաստանի տնտեսությունը չունի:
Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող ինքնուրույն լուծել բանակի վերազինման հարցը, իսկ այսօր Հայաստանի եւ Արցախի սահմանների եւ հաղորդակցության անվտանգությունն ապահովում են ռուս զինվորականները, խաղաղապահները եւ սահմանապահները: Օկուպացիայի սպառնալիքը կախված է ոչ միայն Արցախի մնացած մասի, այլեւ Սյունիքի մարզի վրա, հարվածի տակ է հայտնվել Հայաստանի ամբողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաքը: Ուժի դիրքերից պայմաններ թելադրելու Ադրբեջանի փորձերը, տարածքային պահանջների ներկայացումը, այդ թվում՝Երեւանի եւ Սեւանի նկատամբ, ռազմագերիների մասով եռակողմ պայմանագրի չկատարումը, պայմանագրերում չնշված տրանսպորտային սխեմաներին հետ կապված զիջումների պահանջները, բանակցությունների մերժումը Արցախի կարգավիճակի շուրջ, խոսում է Բաքվի մտադրությունների մասին` շարունակել առճակատումը` ամբողջ Արցախի Հանրապետությունն ու Սյունիքի մարզը գրավելու եւ այնտեղ բնակվող հայ ժողովրդի ցեղասպանության նպատակով: Թուրքիան եւս ուժեղացրել է իր ընդարձակողական նկրտումները՝ որպես հիմք վերնցելով նեոօսմանիզմի իմպերիալիստական գաղափարախոսությունը: Եվ այս ամենի ֆոնին Հայաստանում քաղաքական ճգնաժամը ձգձգված եւ անտագոնիստական բնույթ է ձեռք բերել»:
Բաբուխանյանը նշեց նաեւ, որ Հայաստանի տնտեսությունը հրատապ արտաքին ներդրումների կարիք ունի, առանց որոնց սոցիալական ցուցանիշները երկրում կրիտիկական մակարդակների կհասնեն: Ավելին, ներդրումները պետք է կատարվեն այն աղբյուրներից, որոնք հայ ժողովրդի նպատակների եւ խնդիրների հետ անհամատեղելի քաղաքական նախապայմաններ չեն դնի. «Առջեւում տարածաշրջանի տրանսպորտային ցանցի ապաշրջափակման դժվարին գործընթացն է, որը նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության, տնտեսական նոր իրողությունների եւ, որպես արդյունք, իրավիճակի քաղաքական եւ հոգեբանական ընկալման փոփոխությունների կհանգեցնի տարածաշրջանում: Ընդ որում, իրավիճակը կարող է զարգանալ ինչպես տարածաշրջանում լարվածության թուլացման, այնպես էլ, ինչն ավելի իրատեսական է, նոր հակասությունների առաջացման ուղղությամբ: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանին նոր ազգային գաղափարախոսություն է անհրաժեշտ, որը պետք է հիմնված լինի պետության եւ ազգային ինքնիշխանության պահպանման պարադիգմի վրա, ինչը անվտանգություն, սեփական շահերի պաշտպանություն է ենթադրում՝ տարածաշրջանում նոր ճարտարապետության ստեղծմամբ»:





























