Այլ հավասար պայմանների դեպքում վճարած հարկերի մեծությունը համարժեք է եկամուտի, շահույթի մեծությանն ու անձնակազմի թվաքականին: Ելնելով այս նախադրյալից` կարելի է եզրակացնել, որ Հայաստանի տնտեսության հետագա կենտրոնացումն ու խոշորագույն առեւտրային ընկերությունների դերի ուժեղացումը շարունակվում է:

440 խոշարագույն ընկերությունների հիմնական տնտեսական ցուցանիշների ու պետբյուջե վճարած հարկերի մասին Պետեկամուտների կոմիտեի վերջերս հրապարակած տեղեկատվությունը հաստատում է այդ ենթադրությունը:

Նախ ներկայացնենք երկրի համար ընդհանուր ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի հարկային եկամուտները աճել են 9,9 տոկոս, իսկ պարտադիր սոցիալակaն ապահովության վճարումների գումարն աճել է 12,3 տոկոս: Չնայած այս բարձր ցուցանիշներին, 440 խոշորագույն ընկերությունները կարողացել են դրանք զգալիորեն գերազանցել: Հարկերի մասով գրանցվել է 28,5 տոկոս աճ, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարումներով` 21,7 տոկոս աճ: Տարբերությունը միջին ցուցանիշների հետ զգալի է:

Իհարկե, կարելի է ուրախանալ խոշորագույն ընկերությունների վճարած մեծ գումարների կապակցությամբ, սակայն այդ աճը անհամեմատելի է տնտեսական ակտիվության դինամիկայի ցուցանիշի հետ, որը տատանվել է փետրվարի 100,9 տոկոսից մինչեւ առավելագույնը 1007,7 տոկոս ապրիլին:

Արդյունաբերական ապրանքներ արտադրողների եւ սպառողական ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկայում եւս գրեթե երկնիշ թվեր են, ինչը նպաստում է առւետրային ընկերությունների եկամուտների աճին: Այստեղից էլ նրանց վճարած հարկերի աճն է:

Բացի այդ չափն անցնող վարչարարությունը, որը նույն է, թե հարկերի կորզումը, հանգեցնում է գերավճարների: Ապրիլին 440 խոշորագույն ընկերությունների գերավճարը 74 միլիարդ դրամ էր: Դրանից 51,9 միլիարդը ԱԱՀ-ի գծով: Գերավճարները հարկատուներին վերադարձնելու տեմպը շատ դանդաղ է:

Հարկային եկամուտների առաջանցիկ աճը խոշորագույն ընկերությունների հետագա հզորացման նախանշան է: Կարելի է ենթադրել, որ տնտեսությունում կշարունակվի կենտրոնացումը, իսկ մրցակցային ոլորտներից դուրս կմղվի փոքր եւ միջին բիզնեսը:

Նշենք, որ 440 խոշորագույն առեւտրային ընկերություններն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին ապահովել են պետբյուջեի հարկային եկամուտների 36,7 տոկոսը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների 33,8 տոկոսը: Այս թվերն արդեն վկայում են երկրի բիզնեսի բեւեռացման մասին:

Ալբերտ Խաչատրյան