Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի ֆինանսավորվում պետության կողմից եւ գտնվում է ողբալի վիճակում, հենց այդ պատճառով էլ այդքան անմխիթար արդյունքներ է ցույց տալիս։ Ավելի լավ կլիներ, եթե նախագահ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» փոխարեն, զբաղվեր հայկական ֆուտբոլի խնդիրներով,-այս մասին NEWS.am լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չի ֆինանսավորվում պետության կողմից եւ ողբալի վիճակում է գտնվում, հենց այդ պատճառով էլ այդքան անմխիթար արդյունքներ է ցույց տալիս։ Հայաստանի նախագահի Թուրքիա այցի վերաբերյալ Մինասյանի կանխագուշակումները բավականին հոռետեսական էին. նա նշել է, որ դա արդարացված քայլ չէ, նամանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ-թուրքական սահմանը դեռ բացված չէ եւ անգամ կողմերը մոտ չեն դրան։

«Սարգսյանը խոստացել էր մեկնել Թուրքիա միայն այն ժամանակ, երբ հայ-թուրքական սահմանը բաց կլինի կամ կողմերը դրան մոտ կլինեն»,-նշել է Ա. Մինասյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաքում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա՝ ֆուտբոլային մրցամարտը, որին ներկա կլինի նաեւ նախագահ Սարգսյանը։ Իսկ հոկտեմբերի 13-ին կմրցեն երկու երկրների երիտասարդական հավաքականները։