ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել է մի քանի նոր աշխարհագրական օբյեկտներ: Համաշխարհային մշակութային ժառանգության կոմիտեի նիստը տեղի է ունենում Փարիզում եւ կտեւի մինչեւ հունիսի 29-ը:

Ներկայումս այդ ցանկում կա մշակութային ժառանգության 900 վայր: Այդ ցանկում են Քենիայի լճերի համակարգը, ավստրալական կորալյան Նինգալու խութը, Ճապոնիայի Օգասավարա կղզիախումբը, Սենեգալում Սալում գետի դելտան եւ Չինաստանի Չժեցզյան նահագի Սիհու լիճը:

Ընդհանուր առմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի անդամները կքննարկեն աշխարհի  35 տեղավայրեր այդ ցանկում ընդգրկելու հնարավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի լրացման գործընթացը մեկնարկել է այս տարվա ապրիլին:

Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ կա երկու ցանկ` ներկայացուցչական եւ արժեքների, որոնք անհապաղ պաշտպանության կարիք ունեն:

2011-ին համալրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել եւ ներկայացրել է հայ ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկը` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը` ներկայացուցչական ցանկում ընդգրկելու համար:

Իսկ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ցանկում ընդգրկելու նպատակով ներկայացվել է աշուղական սիրավեպը եւ «Վարդավառի ծեսը»:

«Վարդավառի ծեսը», ըստ Մարգարյանի, պահպանվել է, բայց մի շարք բաներ մոռացության են մատնվել եւ այդ ծեսը ներկայացվել է տոնը իր ամբողջության մեջ պահպանելու նպատակով:

Ինչ վերաբերում է ցանկում ներառվելուն, ապա Երանուհի Մարգարյանը նշեց, որ այդ գործընթացը բավականին երկար է տեւում`մոտ մեկ տարի, ամեն մի երկրի ներկայացրած յուրաքանչյուր արժեք մանրամասն ուսումնասիրվում է, վերլուծվում, փորձագետները քննարկում են, դիտողություններ, առաջարկություններ անում: Միայն նորյեմբերին պարզ կլինի, թե արդյոք կընդգրկվե՞ն Հայաստանի ներկայացրած արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում:

Նշենք,որ 2010 թվականին նշված ցանկում ներառվեց Հայաստանի ներկայացրած «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ոչ նյութական մշակութային արժեքը: