Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի հախագահների հանդիպմանը կհաջորդի եւս մեկ հանդիպում, որի ընթացքում կողմերը փաստաթուղթ կստորագրեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 27-ին հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Նա նշեց, որ կազանյան հանդիպմանը գնահատական տալու համար պետք է հաշվի առնել մինչ այդ հանդիպումը հատկապես թուրքական եւ ադրբեջանական մամուլի՝ «մեզ խնայող եւ լավ աչքով նայելու» կեցվածքը:
«Կարելի է ասել, որ կազանյան հանդիպումից լուրջ ակնկալիքներ կային, որոնք սակայն չարդարացան, Կազանը ոչ մի բան չտվեց»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ, խնդրի կարգավորումը շատ կարճ ժամանակով հետաձգվեց: Եղիազարյանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ այս անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններից հետո լռություն է պահպանում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը զերծ է մնում ռազմատենչ հայտարարություններից: «Այստեղից կարելի է եզրակացնել, որ ապագայում կլինի մի հանդիպում, որտեղ կողմերը փաստաթուղթ կստորագրեն»,-կանխատեսեց ՍԴՀԿ անդամը` հավելելով, որ կուլիսների հետեւում ընթանում են գործընթացներ, որոնց մասին երկու երկրների հասարակությունները շատ քիչ բան գիտեն: Նա այս համատեքստում մեջբերեց այն խոսակցությունները, թե խոսք է գնում Ղարաբաղին հարակից հինգ շրջանների վերադարձի մասին:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը այլ կարծիք ունի կազանյան հանդիպման մասին. ըստ այդմ` չի կարելի Կազանի հանդիպումը 100 տոկոսով ձախողված համարել, ինչի վկայությունը հանդիպման ընթացքում ստորագրված համատեղ հայտարարությունն է:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի նախագահը դեռեւս ԵԽԽՎ ելույթում էր նկատել, որ Կազանում հաջողություն կարող է լինել միայն Ադրբեջանի կառուցողական դիրքրոշման դեպքում:
Արձագանքելով Գուրգեն Եղիազարյանի այն պնդմանը, թե երկրին առնչվող բոլոր հարցերում, այդ թվում ԼՂ խնդրում տեղաշարժ արձանագրելու համար հարկավոր է, որ Հայսատանը ունենա լեգիտիմ, ուժեղ նախագահ, Պետրոսյանը հայտարարեց, թե ով էլ լիներ Հայաստանի նախագահը եւ լեգիտիմության ինչ աստիճան էլ ունենար, դա ոչ մի բան չէր փոխելու Ադրբեջանի մոտեցման մեջ: Այդ երկիրը, նրա խոսքով, իր առջեւ խնդիր է դրել խնդիրը լուծել բացառապես ռազմական ճանապարհով` հետ վերցնելով ազատագրված տարածքները:




























