Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից սպասելիքներ չկային եւ չէին էլ կարող լինել, հաշվի առնելով ղարաբաղյան հարցի շուրջ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը։ Հունիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ռեկտոր, փորձագետ Սուրեն Զոլյանը։

Նրա խոսքով, ընդամենը տեղեկատվական արտահոսք էին այն  ակնարկները, որ Կազանում ղաաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ փաստաթուղթ է ստորագրվելու, ընդ որում, արտահոսքը, Զոլյանի խոսքով, հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից էր։

«Ինչ էլ որ լինի, կազանյան հանդիպումը կարեւոր հանդիպում էր՝ ոչ թե արդյունքներով, այլ կիզակետ ու ջրբաժան դառնալու առումով»,- նկատեց փորձագետը, միաժամանակ ավելացնելով , որ կազանյան հանդիպումից հետո առավել շահեկան դիրքերում Հայաստանն է:

Սուրեն Զոլյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի դիրքորոշումը վերջին երկու տարիներին փոխվել է։ «Եթե նախկինում ադրբեջանական կողմը համաձայնում  էր խնդրի փուլային տարբերակով լուծմանը, ապա այժմ ուզում է հարցը լուծել միանգամից։ Ավելին, Ադրբեջանը ժամանակ է շահում, հույս ունենալով, որ ժամանակի հետ Հայաստանը հանդես կգա նոր պահանջներով, եւ այդ կերպ գործընթացը կձախողվի»,- նկատեց փորձագետը։

Նշենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 24-ին։ Հանդիպման արդյունքներով որեւէ փաստաթուղթ չէր ստորագրվել։