Ազգային Ժողովի մի քանի պատգամավորներ (Գալուստ Սահակյան, Հեղինե Բիշարյան, Վարդան Այվազյան եւ Գոհար Ենոքյան) առաջարկում են հողահարկի արտոնություն տրամադրել մինչեւ 5000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների սեփականատերերին:
Նշենք, որ գործող օրենսդրությամբ նման արտոնությունից օգտվում են մինչեւ 1000 քմ ունեցող տնտեսությունները, որոնք իրավասու են հողահարկը վճարել այն կադաստրային արժեքին համապատասխան, որը հաշվարկվում է գյուղատնտեսական հողատեսքերի համար (արդյունաբերական օգտագործման դեպքում հողի կադաստրային արժեքը մեծանում է):
Կառավարությունում այս հարցի առնչությամբ կան տարաձայնություններ: Տարածքային կառավարման նախարարությունն ընդհանուր առմամբ կողմ է, եւ այդ գերատեսչության եզրակացության հիման վրա կառավարությունը դրական եզրակացություն տվեց այդ առաջարկին: Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ դեմ է, եւ այդ մասին հայտարարեց հունիսի 23-ի նիստի ընթացքում: Ըստ վարչապետի` այդ դեպքում խոշոր տնտեսությունները նույնպես օգտվում են հարկային արտոնությունից, այնինչ կառավարության ռազմավարությունն է հիմնականում օգնել փոքր եւ միջին բիզնեսին:
Նշենք, որ այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում մի շարք համայքներ ֆինանսական կորուստներ կուենան, քանի որ հողահարկը ամբողջությամբ գանձվում է տեղական բյուջե: Նշենք, որ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների մեծ մասը կառուցվում են 1000-2000 քառ. մետրի չափով: Մինչեւ 5000 քառ. մետրը նշանակում է, որ գործնականում ջերմոցային տնտեսությունների 90 տոկոսը կօգտվի սույն արտոնությունից: Փորձագիտական գնահատականներ չկան այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա այս արտոնությունը ջերմոցների, կամ համայնքների բյուջեների վրա: Սակայն նշենք, որ կառավարությունը վերջին շրջանում որոշ աջակցություն ցուցաբերել է ջերմոցային տնտեսություններին` խստացնելով Թուրքիայից Հայաստան ներկրվող լոլիկի եւ վարունգի նկատմամբ սանիտարական պահանջները եւ մաքսային ընթացակարգերը:
Ջերմոցային տնտեսությունները իսկապես զարգացման մեծ պոտենցիալ ունեն, եւ հարկային խթանների միջոցով կարելի է լրջորեն ազդել ոլորտի վրա: Սակայն հարկային արտոնության տեսակն ընտրելիս պետք է զգույշ լինել: Այլ բան է` երբ հարկից ազատում ես ջերմատնային տնտեսության կառուցման համար ներմուծված սարքավորումները, այլ բան է`համայնքի բյուջեի նվազեցումը առանց համայնքի շահերը հաշվի առնելու: Ի վերջո` տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքի ամրապնդումը նույնպես պետության ռազմավարության առանցքային ուղղություն է: Որքանո՞վ արդարացված է համայնքի եկամուտը պակասեցնել առանց համայնքի կարծիքը հաշվի առնելու, առավել եւս` ջերմատնային տնտեսությունների զգալի մասը ավելացված արժեքի հարկ չի վճարում:
Սամվել Ավագյան




























