Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ներմուծման – արտահանման անցած տարվա ցուցանիշները: Դրանց ուսումնասիրությունը բավական հետաքրքիր եզրակացությունների հնարավորություն է տալիս:

Օրինակ` անցած տարի Հայաստանը ներմուծել է 11,8 միլիոն դոլարի 8448 տոննա բանան: Յուրաքանչյուր հայաստանցում բաժին է ընկնում տարեկան 13 բանան: Համեմատության համար նշենք, որ միջին ամերիկացին ամսական 30 հատ բանան է ուտում: Բանանն իհարկե չափանիշ չէ, սակայն տարբերությունը հսկայական է:

Ի տաբերություն բանանի, սոխ Հայաստանում աճում է, սակայն ներկրման ցուցանիշը տպավորիչ է: Անցած տարի Հայաստանը ներմուծել է 10,3 հազար տոննա սոխ` մաքսային գնի արտահայտմամբ 4,4 միլիոնով զիջում է բանանին:

Ընդհանուր առմամբ բուսաբուծության արտադրանքի ներմուծման եւ արտահանման պատկերը հետեւյալն է. անցած տարի ներմուծումը մաքսային արժեքով կազմել է 211,3 միլիոն դոլար, իսկ արտահանումը ուղիղ 14 անգամ քիչ` 15,1 միլիոն դոլար: Բացասական սալդոն հասել է 196,3 միլիոն դոլարի:

Այսքան սուր արտահայտված անհավասարակշռության պատճառը հացաբույսերի ներկրումն է` 105,4 միլիոն դոլարի 432,7 հազար տոննա կամ բուսաբուծության արտադրանքի ներկրման 49,9 տոկոս: Ի տարբերություն 90-ականների, այժմ հիմնականում ներկրվում է ոչ թե ալյուր, այլ ցորեն:
Ցորենից հետո երկրորդ տեղում սուրճն է` 12,2 տոկոս: Արժեքային արտահայտմամբ` թեյ ներմուծվել է 12 անգամ քիչ:

Անցած տարի ներմուծվել է 24,3 միլիոն դոլարի 11,5 հազար տոննա սուրճ: Միջինը յուրաքանչյուր հայաստանցու բաժին է հասնում 3,584 կգ սուրճ:
Եռյակը եզրափակում են ցիտրուսային մրգերը` 9 տոկոս: Ներմուծվել է 19,1 միլիոն դոլարի 17,1 հազար տոննա ցիտրուս:

Հետեւությունը մեկն է. բուսաբուծության արտադրանքի ներմուծումը օբյեկտիվ-հարկադիր բնույթ ունի: Հայաստանի կառավարությունը փորձում է մեծացնել տեղական ցորենի արտադրությունը, սակայն առաջիկա տարիներին լուրջ տեղաշարժեր այս ուղղությամբ ակնկալել դժվար է:

Բացասական սալդոն կրճատելու համար ավելի իրական է ոչ թե կրճատել ներմուծումը, այլ մեծացնել արտահանումը: Ժամանակին Հայաստանը տասնյակ հազարավոր տոննա լոլիկ էր արտահանում Ռուսաստան: Այժմ նույն լոլիկի արտահանումը խորհրդանշական մեծություն ունի` 800 տոնա կամ 500 հազար դոլարի: