Ռուսաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամ են հայտնաբերել է, տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք շատ ուշադիր ստուգել ենք բոլոր տեղեկությունները: Տեղեկությունը հաստատվել է՝ սա իսկապես «դելտա պլյուս» տարբերակն է»,- COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում ասել է Պոպովան:

Նրա խոսքով՝ այս տարբերակով վարակված կինը հիվանդությունը թեթեւ է տարել:

«Այստեղ ամեն ինչ լավ է ավարտվել: Բայց ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այսօր շատ կարեւոր է զանգվածային իմունիզացիա իրականացնել»,- հավելել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը:

Ինչպես ընդգծել է Պոպովան, անցած շաբաթվա վերջին բոլոր մարզերում COVID-19-ով հիվանդացությունն աճել է: Այս կապակցությամբ գլխավոր սանիտարական բժիշկը վարչապետ Միխայիլ Միշուստինին խնդրել է աջակցել զանգվածային միջոցառումներն արգելելու «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախագծին: