Հանրային ընկալումներում այս ընտրությունները կեղծվել են եւ իշխանությունը չունի լեգիտիմություն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

«Նիկոլ Փաշինյանը շատ խոցելի եւ թուլացած մեկն է միջազգային հարթակներում: Եթե ամեն ինչ այսպես մնա, մազից կախված իրավիճակ է, ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Ցանկացած պահի իշխանությունը կարող է սա կորցնել: Սրանով է պայմանավորված ռեպրեսիաների մեծ թափը: Նրանք ուզում են պետական ռեսուրսը, պետական հաստատությունները լիարժեք վերահսկելի դարձնել, որովհետեւ հասկանում են, որ շատ թուլացած են: Այդ պողպատե մանդատը ընդամենը քաղաքական մրցակիցներին ոչնչացնելու համար է:

Եթե ամեն ինչ այսպես մնա, աշնանից պետք է խորհրդարանում կռիվ տալ ամեն հնարավոր ճակատում, փողոցն ակտիվ պահել: Դա կբերի արդյունքի մոտ ապագայում»,-ասաց նա:

Ջամալյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հնարամտորեն, քայլ առ քայլ կարողացավ խարխլել բանակը. «Այն կարծիքին չեմ, որ զինված ուժերը հավաքականությամբ կկարողանան պատվար հանդիսանալ, որովհետեւ այդ դիմադրության ակնառու դիմադրող կերպարներին քայլ առ քայլ հեռացնում են: Հարցի լուծումը ես բանակում չեմ տեսնում: Հարցի լուծումը լինելու է կամ ՍԴ-ում, կամ խորհրդարանում: Նիկոլ Փաշինյանը չունի այն մեծ թվով ժողովուրդը, որ հանի փողոց եւ փորձի կամք պարտադրել»,-ընդգծեց նա: