Համաշխարհային առաջնորդները մտածում են գլոբալ ջերմացման դեմ պայքարի աննախադեպ միջոցների շուրջ ի հաշիվ մաքուր տեխնոլոգիաների անցումն արագացնելու, բայց նաեւ ավելի շատ բան են իմանում այդ փոփոխությունների պոտենցիալ թերությունների մասին, գրում է Axios-ը։

Փոփոխություններն անհրաժեշտ են ամենաահավոր կլիմայական սցենարներից խուսափելու համար։ Բայց կան պոտենցիալ էկոլոգիական, իրավապաշտպան եւ աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք կապված են այն փոփոխությունների հետ, թե ինչպես ենք մենք տեղաշարժվում, ինչպես է աշխատում էլեկտրացանցը եւ ինչպես է կառուցվում ամեն բան՝ ցեմենտից մինչեւ շենքեր։

«Կարեւոր է գիտակցել, որ մեր տնտեսության ապակարբոնացումը փոքր ու գեղեցիկ չի լինելու, վառելիքի մեր ենթակառուցվածքի փոխարինումը մաքուր էներգիայով լինելու է մեծ եւ անկարգ»,- ասել է կլիմայի եւ էներգիայի գծով Breakthrough ինստիտուտի տնօրեն Զիք Հաուսֆազերը։

«(Արտանետումների) զուտ զրոյի հասնելը  մինչեւ 2050թ. կպահանջի նոր նյութերի հսկայական քանակության անհավանական արագ ստեղծում եւ իր հետեւից կբերի բազմաթիվ կոնֆլիկտներ՝ որոշ ավանդական էկոլոգիական առաջնահերթություններով»։

Գուցե ամենահայտնի խնդիրը, որին բախվում են մեր ընկերություններն ու երկրները, կրիտիկականորեն կարեւոր նյութերի ստացումն է, որոնք անհրաժեշտ են էլեկտրամեքենաների, ինքնաթիռների, էներգիայի պահման սարքերի սնուցման համար օգտագործվելիք կուտակիչների համար։

Այդ օգտակար հանածոների արդյունահանումը ցամաքում, ներառյալ կոբալտը, լիթիումը, մանգանը եւ գրաֆիտը, կարող է աղտոտում առաջացնել, եւ հաճախ անվտանգ չէ։

Ներկայում մտադիր են դիտարկել հարցը, թե ինչպես ծովի հատակում արդյունահանել հազվադեպ հանքանյութեր, բայց այստեղ էլ գոյություն ունի շրջակա միջավայրի քայքայման պոտենցիալ, այս դեպքում՝ վտանգավոր ծովային կյանքի համար։ Հանքանյութերն անհրաժեշտ են էլեկտրամեքենաների կուտակիչների համար, բայց դրանք նաեւ պահանջված են այլ կարեւոր նախագծերի դեպքում։ Այստեղ մտնում է հողմաղացների եւ արեւային ֆոտոէլեկտրական ֆերմաների կառուցումը։ Կուտակիչների մաքուր եւ էթիկական արտադրությունը միակ խնդիրը չէ, որին բախվում են ապակարբոնացման անցնող երկրները։ Մյուս տեխնոլոգիաները նույնպես սպառնում են կենսաբազմազանությանը։

ՄԷԳ (Միջազային էներգետիկ գործակալություն) հաշվետվության համաձայն՝ 2010 թվականից նոր էներգաբլոկի համար անհրաժեշտ օգտակար հանածոների միջին քանակությունը ավելացել է 50 տոկոսով։ ՄԷԳ-ը հայտնաբերել է, որ սցենարը, որով աշխարհը կհասնի ածխածնի զուտ զրոյական արտանետումների 2050թ., «կպահանջի 2040թ. վեց անգամ ավելի շատ հանքային ռեսուրսներ, քան այսօր»։

ՄԷԳ-ը զգուշացրել է, որ անհրաժեշտ են «լայն եւ կայուն ջանքեր» օգտակար հանածոների  մատակարարումների շղթայի էկոլոգիական եւ սոցիալական ցուցանիշների բարելավման համար։

Որոշումները, որոնք մենք ընդունում ենք  հիմա նոր, էկոլոգիապես մաքուր էներգետիկ տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու եւ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումների մասին, կորոշեն, թե ջերմացման հետ կապված որքան խախտումներ եւ վնաս ենք կրում, ինչպես նաեւ դրանց հետ կապված բարդությունները մաքուր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք մենք կզգանք հաջորդ մի քանի տասնամյակներում։

Ի վերջո, էներգետիկ անցման հետ կապված երկյուղները խամրում են հեռուն գնացող վնասի համեմատ, որը կարող է առաջանալ, եթե շարունակվի անթրոպոգեն գլոբալ ջերմացման սրացումը։