Երեւանից հետո ոստիկանության պարեկային ծառայության ներդրման հաջորդ փուլը կիրականացվի Շիրակի եւ Լոռու մարզերում, որը կլինի 8-9 ամիսների ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

«Մինչ այդ մենք արդեն հայտարարել ենք մրցույթ 570 տեղի համար, որը նախատեսված է Շիրակի եւ Լոռու մարզերի համապատասխանաբար 257 եւ 258 թափուր հաստիքների համար եւ եւս 55 հաստիք Երեւանի քաղաքի համար որպես համալրում: Այսօրվանից ցանկացողները կարող են իրենց փաստաթղթերի փաթեթը ներկայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիր նախօրոք  գրանցվելով եւ ներկայացնելով բոլոր փաստաթղթերը, որ նախատեսված է: Մրցութային փուլն ավարտվելու է հոկտեմբերին, որից հետո նոյեմբերի 1-ից 570 դիմորդները կանցնեն 5-ամսյա կրթություն»,-ասաց նա:

Իր հերթին  Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մաթեւոսյանը նշեց, որ պարեկային ծառայության առաջին հոսքի ընդունելության համար նախատեսված էր 770 տեղ, բայց եղել է 2500 դիմորդ. «Կարծում ենք այս դեպքում եւս դիմորդների նմանատիպ քանակ կլինի: Կարող են դիմել 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն: Սահմանված փաստաթղթերի փաթեթ կա, որը ներկայացնելուց հետո տեղի կունենա դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրություն: Դիմորդները կանցնեն բժշկական հետազոտություն ոստիկանության բժշկական հանձնաժողովում: Եվ եթե բոլոր չափանիշները պահպանված լինեն, ապա մանդատային հանձնաժողովը որոշում կկայացնի նրանց ընդունելության քննություններին մասնակցելու համար: Ընդունելության քննությունները լինելու են երեք փուլով՝ ֆիզիկական պատրաստականության ստուգում, ընդհանուր զարգացվծության եւ մասնագիտական պիտանելիության ստուգում՝ թեստավորման միջոցով, ինչպես նաեւ հարցազրույց: Հարցազրույցի ժամանակ ստուգվելու է դիմորդների հոգեբանական նկարագիրը, նաեւ նրանց արժեքային կողմնորոշումները, ընդհանուր զարգացվածության մակարդակը: Մրցույթը հաղթահարածները կհրամանագրվեն որպես սովորողներ»,-ընդգծեց Մաթեւոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանում հավելյալ 55 տեղից 16-ի իգական սեռի դիմորդների համար է, Լոռու մարզում 258 տեղից 77-ը իգական սեռի դիմորդների համար է, իսկ Շիրակի մարզում 257 տեղ, որից 77-ը կրկին իգական սեռի դիմորդների համար: