Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 3-ին այցելել է Գեղարքունիքի մարզ եւ ծանոթացել մարզի խնդիրներին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նախ եղել է Լճաշեն համայնքում, ծանոթացել Սեւանը  Գավառի հետ կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշենք, որ վերականգնվող հատվածի երկարությունը շուրջ 2.5 կիլոմետր է, աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:

Այնուհետեւ Տ. Սարգսյանն այցելել է Սեւան քաղաքի պոլիկլինիկա, որտեղ նույնպես ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Շենքի վերանորոգման ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում կատարվել է շենքի հիմնանորոգում, կառույցի վերակառուցում՝ վերահատակագծումով, կատարված աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 108.3 միլիոն դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել պոլիկլինիկայի շենքի հարդարում, հատակների, սանհանգույցների եւ ներքին ինժեներական ցանցերի վերակառուցում, հակահրդեհային ազդանշանային համակարգի տեղադրում, շենքի ճակատային մասերի սվաղում եւ ներկում: Այդ աշխատանքների համար նախատեսված է շուրջ 80.8 միլիոն դրամ:

Վարչապետն այցելել է նաեւ Սեւանի ավագ դպրոց, որը վերականգնման կարիք ունի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է այս տարվա ընթացքում իրականացնել անհրաժեշտ նախահաշվարկային աշխատանքները:

Տիգրան Սարգսյանը եղել է ՀՀԿ-ի Սեւանի գրասենյակում, հանդիպել ՀՀԿ ակտիվի հետ, այնուհետեւ վարչապետը անդամատոմսեր հանձնել շուրջ 300 նորընծա կուսակցականներին: