Հատուկ քննչական ծառայությունը մայիսի 14-ին ստացել է ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված ու բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վ.Խալաֆյանի մահը վրա է հասել «ներքին սուր արյունահոսությունից՝ որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակված-կտրված թափանցող վիրավորման՝ զստաղու միջընդերքի անոթների՝ զարկերակի եւ երակի վնասումների հետեւանքով»: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված երկրորդ «ծակած-կտրած թափանցող վիրավորումը որովայնի առաջնային պատի աջ կեսին՝ առանց ներքին օրգանների վնասման… մահվան պատճառի հետ չի գտնվում պատճառական կապի մեջ»:

«Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված այլ մարմնական վնասվածքները (ճանկռվածքներ, արյունազեղումներ, քերծվածքներ), ըստ հաղորդագրության, „ե'ւ միասին, ե'ւ առանձին-առանձին վերցված իրենց սովորական ընթացքի դեպքում կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում եւ մահվան պատճառի հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ“,- ասված է հայտարարության մեջ:

ՀՔԾ-ն նշել է նաեւ, որ Վ.Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված բոլոր մարմնական վնասվածքները հասցվել են կենդանության օրոք, ինչը հիմնավորվել է եւ դատահյուսվածաբանական ուսումնասիրության տվյալներով։ Նախաքննական մարմինը նաեւ հնարավոր է համարել վնասվածքների պատճառումը Վ.Խալաֆյանի կողմից՝ ինքն իրեն, փորձաքննությանը ներկայացված դանակով»:

Հիշեցնենք, որ ձերբակալվել է Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, որը, պաշտոնական վարկածով, բռնություն է ենթարկել եւ ինքնասպանության հասցրել Վահան Խալաֆյանին, թեեւ վերջինիս հարազատները պնդում են, որ նրան սպանել են ոստիկանության բաժնում: