Հայաստանի քաղաքաշինության նախարարության աղետի գոտու բանակարանաշինության ծրագրի վերահսկման հանձնաժողովի տեսուչները Լոռու մարզի գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինական աշխատանքներում ստուգումներ իրականացնելու ընթացքում կրկին թերություններ են հայտնաբերել։ Թերությունները հայտնաբերվել են անցած տարվանից կառուցվող անհատական տներում։ Քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության բաժնի պետ Սամվել Սարիբեկյանի խոսքով, սակայն, դրանք մասնակի են եւ հեշտ շտկելի։
Նրա տեղեկացմամբ՝ հանձնաժողովի կողմից դիտարկված 8 տներում հայտնաբերված թերությունները կվերացվեն մեկ շաբաթվա ընթացքում։
Նշենք, որ այս տարի Լոռու մարզի գյուղական 24 համայնքներում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 177 անհատական տուն, որոնք կառուցում է «Գլենդել Հիլզ» ընկերությունը։ Մինչեւ հունիս նախատեսվում է ավարտին հասցնել նաեւ Սպիտակի 220 անհատական տների կառուցապատման աշխատանքները։ Բացի վերը թվարկվածներից, այս տարվա ծրագրով նախատեսված է իրականացնել եւս 600 անհատական տների շինարարություն։
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր աղետի գոտի։ Սպիտակում եւ Գյումրիում ընթացող բնակարանաշինական աշխատանքներում հայտնաբերված թերությունների պատճառով երկրի ղեկավարը դժգոհություն էր հայտնել կառավարության հայտարարած մրցույթում շահած, կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությանը, որն էլ հետագայում շտկել էր շինարարության ընթացքում թույլ տրված թերությունները։




























