«Հայաստանը կարող էր շարունակել պատերազմը եւ ազատագրել շատ տարածքներ։ Սակայն քաղաքական նպատակներով հրադադար հայտարարվեց, որն ավելի շատ պետք էր Ադրբեջանին»,-NEWS.am-ի հետ զրույցում հրադադարի 16-ամյակի կապակցությամբ ասել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանը։ Նա նաեւ ասել է, թե հրադադարի ժամանակ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում էր, քան այժմ։ «Մենք այդպես էլ չկարողացանք կարգավորել մեր երկրի ներքին խնդիրները, եւ ամենակարեւորը՝ տնտեսությունը զարգացնել։ Եւ այժմ տնտեսապես մի քանի անգամ թույլ ենք հակառակորդ երկրի համեմատ»։ Ս. Այվազյանն ասել է նաեւ, որ Հայաստանը թույլ է նաեւ դիվանագիտական առումով ու մեծ աշխատանք ունի նաեւ այդ ոլորտում։ «Հայաստանն այնքան է թուլացել, որ այսօր մեր երկրի ճակատագիրը լուծում են ուրիշները՝ առանց մեզ այդ մասին տեղյակ պահելու»։

Մեր մյուս հարցին՝ հավանակա՞ն է համարում պատերազմի վերսկսումը՝ Ս. Այվազյանը պատասխանել է՝ ոչ։ «Գերտերությունները թույլ չեն տա ռազմական գործողությունների վերսկսումը։ Բացի այդ էլ՝ Ադրբեջանը համոզված չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում կարող է հաջողության հասնել։ Նա նման արշավ դեռեւս 1993 թվականի դեկտեմբերին ձեռնարկեց եւ որեւէ հաջողության չհասավ։ Այն ժամանակ էլ նրա զինապահեստները շատ ավելի լիքն էին, քան մերը։ Ես չեմ կարող ասել, թե նրանց զինապահեստներն ինչ վիճակում են այժմ, սակայն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում»։ Ազատամարտիկն ասաց նաեւ, որ նոր պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է զրկվել Վրաստանի հետ երկաթուղային կապից։