Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 12-ին ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով հյուրին, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, թե ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու եւ ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում եւ տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաեւ քննարկելու մեր օրակարգային հարցերը, եւ, համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ: Մենք ցանկանում ենք եւ պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները եւ համագործակցությունը»,- նշել է նախագահը:

Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում Վեհաժողովի եւ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ եւ հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ:

Վեհաժողովի նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաեւ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում: