«ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ այլ մարմնի ստեղծումը Եվրախորհրդում անթույլատրել է։ Հատկապես, որ այն մտադիր է ղեկավարել թուրքը։ Իսկ ազգությամբ թուրքը, ինչ կառույց էլ ղեկավարի, բնական է՝ իրականացնելու է ադրբեջանամետ քաղաքականություն»,-NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացմանը։ Այդ հանձնաժողովը, հիշեցնենք, մտադիր է ղեկավարել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, ով այժմ Հայաստանում է։

«ԼՂ հարցի հետ կապված որեւէ թուրք պաշտոնյայի հետ նույնիսկ ամենացածր մակարդակով նստելն ու զրուցելը ես անթույլատրելի եմ համարում։ Իհարկե, կարելի է նրա հետ նստել-խոսել Հայաստան-ԵԽԽՎ հարաբերությունների մասին, բայց ԵԽ-ն ԼՂ հարցում որեւէ անելիք չունի»,- ասել է Նիկոյանը։ Դիտարկմանը, թե ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունը մերժելը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ Հայաստան-ԵԽԽՎ հարաբերությունների վրա, Նիկոյանը պատասխանել է. «Չեմ կարծում։ Մեզ համար կարեւոր են սկզբունքները, որոնք Հայաստանն է առաջադրում եւ հավատարիմ մնում դրանց։ Եվրախորհուրդը, մասնավորապես՝ նրա նախագահը, ղարաբաղյան կարգավորման հարցում որեւէ դերակատարում չի կարող ունենալ»։

Հիշեցնենք, որ վաղը ԵԽԽՎ նախագահը հանդիպելու է ԱԺ նախագահի, ինչպես նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։