Այս ուսումնական տարում փոփոխվել է բուհերի ընդունելության կարգը: Այս մասին այսօր` մայիսի 12-ին կայացած ասուլիսում հայտարարել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը: Ըստ այդմ, կան երեք կատեգորիայի դիմորդներ՝ այս գարուն զորացրվածները, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր իրենց ուսումը այս տարի ավարտում են օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, եւ այն շրջանավարտները, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն, դիմում-հայտ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը, այսինքն` կարող են մասնակցել դիմում-հայտագրման երկրորդ փուլին եւ քննություններ հանձնել հուլիսին կայանալիք լրացուցիչ փուլում:
Ի դեպ. Կառավարության վերջին փոփոխության արդյունքում, երբ ոստիկանական ակադեմիա այլեւս կարող են ընդունվել միայն զինծառայություն անցածները, այս հաստատության պոտենցիալ դիմորդները հայտնվել են նաեւ մեկ այլ փաստի առաջ: Նրանք ուշացել են միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու իրավունքից, քանի որ ապրիլի 10-ին լրացել է հայտագրման ժամկետը: Սակայն ամեն ինչ կորած չէ. Բոլոր այն դիմորդները, որոնք տարբեր պատճառներով առաջին փուլին չեն մասնակցել, մասնակցելու են հուլիսին տեղի ունենալիք լրացուցիչ փուլին:




























