Ռուս-թուրքական խորհրդակցությունների ռեժիմը ընդունելի ձեւաչափ է, քանի որ բխում է Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ ակտիվացող գործընկերությունից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ գտնելու համար Ռուսաստանի իշխանական օղակները պատրաստ են խորհրդակցել իրենց թուրք գործընկերների հետ։

Նրա խոսքով, ՌԴ նախագահի խոսքում ավելի կարեւորն այն է, որ վերջինիս համոզմամբ ամեն բան կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից, եւ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց ավանդը ներդնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: «Մեդվեդեւի հայտարարությունը, թե Ռուսաստանը չլինելով բանակցային կողմ եւ հանդես գալով բացառապես իբրեւ ակտիվ միջնորդ, խոսում է այն մասին, որ Հարավային Կովկասը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների գոտում»,- ամփոփեց Արամ Սաֆարյանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ այսօր տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար Ռուսաստանը գործի կդնի իր ողջ հեղինակությունը եւ ազդեցության մեխանիզմները։ Նրա խոսքով, խնդրի լուծման տարբերակներ գտնելու համար Ռուսաստանը խորհրդակցություններ կանցկացնի թուրք քաղաքական գործիչների հետ։