Շուտով Ռուսաստանից Հայաստան կբերվեն ռուսական արտադրության մի շարք հեռաբժշկական սարքավորումներ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հեռաբժշկության ոլորտի հայ-ռուսական երկկողմանի աշխատանքային խմբի անդամ Հրաչյա Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այդ սարքավորումների միջոցով հնարավոր կլինի տարածության վրա ախտորոշում իրականացնել։
Խաչատրյանի խոսքով՝ ռուսական արտադրության սարքավորումների հիման վրա Հայաստանում կստեղծվի հեռաբժշկության փորձնական ցանց, որը կունենա անշարժ եւ շարժական կայաններ։
«Մենք հատկապես կարեւոր ենք համարում շարժական կայանների ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հեռաբժշկության ծառայություններ մատուցել Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչներին»,- ասաց Խաչատրյանը՝ ավելացնելով, որ ենթադրվում է, համակարգում ներդնել 3-5 շարժական կայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի ոչ միայն կապ հաստատել Երեւանում գործող անշարժ կայանների հետ, այլեւ խորհրդակցել աշխարհում գործող ամենատարբեր նմանատիպ կենտրոնների հետ։
Խաչատրյանի տեղեկացմամբ՝ սարքավորումների ձեռքբերման նախագիծը պիլոտային է, իսկ սարքավորումները նախատեսվում է ձեռք բերել դրամաշնորհների միջոցով։
Տեղեկացնենք, որ մայիսի 7-ին տեղի է ունեցել Հեռաբժշկության ոլորտի հայ-ռուսական երկկողմանի աշխատանքային խմբի հայկական մասի առաջին ժողովը։




























