ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է ԵՄ կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանն ասել է. «Մենք ողջունում ենք Եվրամիության կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը:

Դրանով ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար:

Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ:

Սա նաեւ լավ լուր է Հայաստանի Հանրապետության նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարությաան հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար»: