«Թանգարանների գիշեր» ակցիայի ժամանակ այս տարի այցելուների ռեկորդային քանակ է գրանցվել։ Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը:
«Մինչեւ ժամը 21-ը մենք մեր այցելուններին 4000 անվճար տոմս ենք բաժանել։ Դա միայն արել էինք նրա համար, որպեսզի իմանայինք որքա՞ն մարդ է մտել թանգարան։
Ժամը 20։30 հետո սպառվեցին այդ տոմսերը, սակայն հոսքը նույնը մնաց»,- նշեց նա։ Իսկ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի ներկայացուցիչ Աստղիկ Մարաբյանն էլ նշեց, որ Գաֆէսճյան թանգարանը «Թանգարանների գիշեր» ակցիայի ժամանակ 10 հազարից ավելի այցելուններ է ունեցել։
«Մեր ակնկալիքները գերազանցվեցին։ Հույս ունենք, որ հաջորդ տարի այցելուների թիվն ավելի կաճի, միգուցե շրջանների բնակիչներին էլ ընգրկենք այս ակցիայի մեջ» ,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս անցկացվեց «Թանգարանների գիշեր» ակցիան, որի ընթացքում մայրաքաղաքի գրեթե բոլոր թանգարանները մինչեւ ժամը 24-ն անվճար բաց էին այցելուների համար։



























