Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ճանաչում է միայն մեկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն՝ Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը: Այդ մասին ՀԱԿ համակարգողը նշեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության անդամ, կուսակցության քարոզչական դիվանի պատասխանատու Հակոբ Տիգրանյանի հայտարարությունը, թե «Հայ ազգային կոնգրեսը միջամտել է կուսակցության ներքին գործերին` ցանկանալով կուսակցությունը գերի վերցնել»: Տիգրանյանը հայտնել էր նաեւ, որ ՀԱԿ-ը ոչ միայն դերակատարություն է ունեցել ՍԴՀԿ-ում ընթացող գործընթացներին, այլ նաեւ «դրանց մեղսակիցն է»։

«Ես ճանաչում եմ միայն մեկ ՍԴՀԿ, որի ատենապետը Լյուդմիլա Սարգսյանն է»,- նշել է Լեւոն Զուրաբյանը, իսկ հարցին՝ արդյո՞ք ՀԱԿ-ը ցանկացել է գերի վերցնել ՍԴՀԿ-ին, պատասխանեց. «Ես ավելին ասել չեմ կարող՝ մինչեւ չուսումնասիրեմ, թե ինչ է թաքնված նման պնդումների ետեւում»։