Հայ-թուրքական գործընթացը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ եւ քաղաքական տեսանկյունից տրամաբանական է, որ ղարաբաղյան հարցն այժմ գերակշռող է դառնալու։ Մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով, չնայած Հայաստանի ջանքերին՝ անջատել դրանք, այդ երկու գործընթացները իրենցից մեկ խնդիր են ներկայացնում։

Փորձագետի կարծիքով, այս պնդման օգտին են խոսում ինչպես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, այնպես էլ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հայտարարությունները։ «Թուրքիայի հետ լուրջ, լիարժեք եւ ակնհայտ հարաբերությունների մասին դժվար կլինի խոսել այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած խնդիրները»,- ընդգծեց Հարությունյանը։

Մյուս կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անժամկետ գործընթաց է եւ կարող է բավական երկար ձգվել։ «Սա շարունակական գործընթաց է, եւ մենք պետք է մշտապես բանակցություններ վարենք այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում եւ Ադրբեջանում իշխանության չեն գա քաղաքական գործիչներ, ովքեր կհասկանան, որ ղարաբաղյան հարցն արդեն լուծված է»,- նշեց Հարությունյանը։