Հայաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահի 2009թ. մրցանակների հանձնման արարողությունը: 17 անվանակարգերում մրցանակներ են շնորհվել գիտության եւ արվեստի բնագավառների 21 ներկայացուցիչների:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորելով մրցանակակիրներին` նշել է, որ ամենամյա այս մրցանակաբաշխությունն իրապես կարեւոր եւ գեղեցիկ մտահղացում է: Նախագահի խոսքով` մրցանակները ոչ միայն խրախուսում են դափնեկիրներին, այլեւ հասարակության առանձնահատուկ ուշադրությունը հրավիրում արվեստի եւ գիտության մեր վերջին նվաճումների վրա, մեծացնում հասարակության ակնկալիքները մրցանակակիրներից:
«Բոլոր մրցանակային աշխատանքները հավասարապես թանկ են մեզ համար, բայց ցանկանում եմ առանձնացնել այն երկու մրցանակակիրներին, ում գործունեությունը վերաբերում է Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորմանը եւ ունի դրա ժխտմանը հակազդելու առաքելություն: Կարծում եմ` բոլորիս համար էլ ակնհայտ են այս ասպարեզում արձանագրվող մեր հաջողությունների կարեւորությունն ու արդիականությունը»,- ասել նախագահը:
Սերժ Սարգսյանը նաեւ երախտիքի խոսք է ուղղել ֆրանսահայ Պողոսյան ընտանիքին, ում նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ 2001թ. հիմնվել է ՀՀ նախագահի մրցանակը, որին մինչ օրս արժանացել են 161 անհատներ:




























