Հայաստանի կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծին, ուր ներառված են կառավարության հավանությանն արժանացած ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգից բխող մի շարք նոր հասկացություններ եւ դրույթներ։
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրինագծի` միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը։ Ավելին, փորձագետները տրամաբանական եւ խիստ անհրաժեշտ են համարել ոլորտում իրականացվող բարեփոխումը։ Միեւնույն ժամանակ վարչապետը նշել է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը խիստ նուրբ է եւ հաճախ է քաղաքական շահարկման առարկա դառնում։ Նա հավաստել է, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս մեր երկրում զարգացնել քաղաքական, մշակութային, կրթական, մանկական հեռուստահաղորդումները, բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջարկը, ապահովել առողջ մրցակցություն, բայց եւ կուլ չգնալ շուկայական տնտեսության թելադրանքին։




























