Դիմորդների թվի կրճատման այս տարվա միտումը պայամանավորված է փաստով, որ կրճատվել է նաեւ շրջանավարտների ընդհանուր թիվը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման պարզաբանմամբ հանդես եկավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ անցած տարվա համեմատ՝ 2010-ին դիմորդների ընդհանուր թիվը կրճատվել է շուրջ 2000-ով։
Շրջանավարտների թվաքանակի կրճատման երեւույթը պայմանավորելով «մութ ու ցուրտ տարիներին» ծնելիության մակարդակի անկմամբ՝ նա նկատեց, որ այդ տարիներին մարդիկ երեխաներ ունենալու ժամանակ պարզապես չունեին։ «Դիմորդների քանակի կրճատման ուրիշ ոչ մի պատճառ չկա, ուղղակի համամասնությունն է այդպիսին»,- նշեց Խաչատրյանը։
Հարցին, թե դիմորդների ընդհանուր թվի կրճատման երեւույթը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ հայկական բուհեր ընդունվել ցանկացող ջավախահայ երիտասարդների թվի վրա, Խաչատրյանը նկատեց, որ 90-ական թվականներին վերջիններս Հայաստանում չեն ապրել, եւ գուցե երեւույթը նրանց թվաքանակի վրա չազդի։ «Սակայն կարծում եմ՝ աշակերտների թվի նվազման երեւույթը ծանոթ է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին»,- նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ դիմորդների թվաքանակի նվազումը դժվար թե էական ազդեցույթյուն ունենա նաեւ պետպատվերով անվճար տեղերի ավելացման կամ կրճատման վրա։ «Հայտնի է, որ պետպատվերով տեղերը կրճատվել են մինչեւ 50 տոկոսով, իսկ որոշ ֆակուլտետներում, օրինակ՝ իրավաբանականում եւ միջազգային հարաբերություններում, դրանք ընդհանրապես չկան»,- հիշեցրեց Խաչատրյանը։
Ամփոփելով՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը կարծիք հայտնեց, որ «հայրենիքը պակաս կարեւոր չէ, քան բարձրագույն կրթություն ստանալը, եւ բանակն էլ նույնքան նորմալ երեւույթ է, որքան բուհում սովորելը»։
Նշենք, որ անցած տարվա համեմատ՝ 2010-ին դիմորդների թիվը կրճատվել է շուրջ 2000-ով եւ կազմել է 17665 հոգի։



























