«Ես Չաուշօղլուին հիշեցրի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը, որը ստեղծվել է 2005 թվականի 1416 բանաձեւով, որոշ ժամանակ աշխատել է, ինչից հետո այդ հանձնաժողովի այն ժամանակվա ղեկավար Ռասել Ջոնսթոնը խոստովանել է, որ հանձնաժողովի աշխատանքն անարդյունավետ է։ Ես ասացի, որ մեզ համար անընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից բացի որեւէ այլ ֆորմատ ԼՂ խնդիրը տեղափոխելը»,- NEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպան մանրամասները փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Նա նաեւ ասել է ԵԽԽՎ նախագահին, թե իր անձի դեմ ոչինչ չունեն, սակայն Չավուշօղլին ներկայացնում է Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ավելին՝ այդ կուսակցության հիմնադիրներից է։ Իսկ այդ կուսակցությունը ԼՂ հակամարտության ողջ ընթացքում եղել է միակողմանի, սուբյեկտիվ՝ պաշտպանելով Ադրբեջանի շահերը։ «Եւ մենք որեւէ վստահություն չունենք, որ լինելով այդ կուսակցության լիդերներից մեկը՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Չավուշօղլուն կկարողանա վեր կանգնել երկակի ստանդարտներից եւ պաշտպանել արդարությունը»,-ասել է Ն. Զոհրաբյանը։ Նրա այս հայտարարությունը վիրավորել է Չավուշօղլուին, ով Զոհրաբյանին մեղադրել է ազգային խտրականության մեջ եւ ասել, որ դա հակասում է ԵԽ արժեքներին։ «Սակայն ես պնդում եմ իմ տեսակետը, քանի որ դեռ այն ժամանակ, երբ Չավուշօղլուն շարքային պատգամավոր էր, հանդես էր գալիս հակահայկական հայտարարություններով՝ օկուպանտ որակելով»,-ասաց պատգամավորը։
Ն. Զոհրաբյանը հանդիպման ընթացքում առաջարկել է Չավուշօղլուին, որ եթե ուզում է նպաստել ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը եւ վերականգնել վստահությանը մթնոլորտը, ապա թող ընդունի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի պաշտոնական հրավերը եւ դիտորդական առաքելություն ուղարկի ԼՂ՝ դիտարկելու մայիսի 23-ի խորհրդարանական ընտրությունները։ Այս առաջարկին ԵԽԽՎ նախագահը արձագանքել է ծիծաղով։




























